ԱՄՆ-ում հայտնել են Իրանի հետ հակամարտությունո...

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ հաջորդ 24-48 ժամերը վճռորոշ կլինեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, քանի որ Վաշինգտոնի՝ Իսրայելի ռազմական գործողությանը միանալու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել հենց այդ ընթացքում։ Այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը հունիսի 17-ին։ Ինչպես նշվել է, այդ ընթացքում Վաշինգտոնը կարող է որոշել՝ հնարավո՞ր է Իրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, թե՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի դիմել ռազմական գործողությունների: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դեռեւս կարծում է, որ կկարողանա Թեհրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ եւ ստիպել նրան ստորագրել համաձայնագիր, որը նախատեսում է ուրանի հարստացումից լիակատար հրաժարում: Այս տարվա ապրիլից ի վեր Իրանը եւ Միացյալ Նահանգները Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են վարում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Նոր համաձայնության հասնելու մի քանի փորձերից հետո խորհրդակցությունները վտանգի տակ են ուրանի հարստացման շուրջ տարաձայնությունների պատճառով: Երկու երկրների պատվիրակությունների միջեւ բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Մասկատում, սակայն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո խորհրդակցությունները չեղարկվել են։