ԱՄՆ-ում 3-4%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ ե...

ՀՀ իշխանությունը վերացրել է գյուղատնտեսության նախարարությունը, որպեսզի ոլորտում տեղի ունեցածի համար մեղավորներ չլինեն: Այս մասին Սիսիանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Արել են ամեն ինչ, որպեսզի հասկանալի չլինի՝ ում պետք է հասցեագրել հարցերը: Ո՞վ է ընդհանրապետ պատասխանատու ոլորտի համար: Դա նորմալ չէ:  ԱՄՆ-ում 3-4%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ եւ կա նախարարություն, Հայաստանում՝ 30%-ը, սակայն չկա նախարարություն»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ իշխանությունը բանակի ծախսերը մեծացնելու փոխարեն կրճատում է:

«Իմ համար անհասկանալի է այդ տրամաբանությունը: Կառույցը լքած զինվորականների հետ հանդիպման արդյունքներով տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը դա միտումնավոր է անում, որպեսզի երկիրն էլ ավելի անպաշտպան լինի: Թե ինչ նպատակ են նրանք հետապնդում, կարելի է միայն ենթադրել»,-եզրափակեց Քոչարյանը: