ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել...

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ FIM-92K Stinger Block I հրթիռների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ 

Մարոկկոյի Թագավորությունն ԱՄՆ-ից խնդրել էր մինչև 600 FIM-92K Stinger Block I հրթիռներ, ի լրումն ինժեներական, լոգիստիկ և տեխնիկական աջակցության ծառայությունների: 

Փաստաթղթում ընդգծվում է, որ «առաջարկվող վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ օգնելով ուժեղացնել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի պաշտպանությունը, որը շարունակում է կարևոր ուժ մնալ Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի համար»:

Հիմնական կապալառուները կլինեն Արիզոնա նահանգում գտնվող Թուսոն քաղաքի RTX և Նյու Յորքի Սիրակուզա քաղաքի Lockheed Martin կորպորացիաները:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է 120 միլիոն դոլար արժողությամբ TH-73A ուսումնական ուղղաթիռների հնարավոր վաճառքը Ֆիլիպիններին, որոնց քանակը չի նշվում։ Ֆիլիպինների իշխանությունները ցանկանում են ԱՄՆ-ից գնել նաև ուղղաթիռների տարբեր համակարգեր և պահեստամասեր։

ԱՄՆ վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին զենքի և տեխնիկայի հնարավոր վաճառքին հավանություն տալու իր որոշման մասին։ Օրենսդիր մարմինը 30 օր ունի հնարավոր գործարքների ուսումնասիրման, նաև դրանց հնարավոր արգելափակման համար: