
Պետքարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բարեփոխումների առաջին փուլի արդյունքները, որը նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին իրականացնել՝ արտաքին քաղաքականությունը վարչակազմի «Ամերիկան առաջին հերթին» օրակարգին համապատասխանեցնելու ջանքերի շրջանակներում:
Գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ Պետդեպարտամենտը գնահատել է ավելի քան 9100 արտաքին օգնության դրամաշնորհներ, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 15,9 միլիարդ դոլարը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Աշխատանքային 15 օրվա ընթացքում ավելի քան 4100 դրամաշնորհ՝ մոտ 4,4 միլիարդ դոլար արժողությամբ, ճանաչվել են որպես չեղյալ համարելու ենթակա, ինչը ներկայացնում է դրամաշնորհային ֆինանսավորման 28% կրճատում:
ԱՄՆ ՄԶԳ գնահատմամբ, դեռևս կան 6200 թողակված բազմամյա դրամաշնորհներ, որոնք կազմում են 58,2 միլիարդ դոլար: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացված վերանայումից հետո, ներառյալ մասնաբաժինները, որոնք վերանայվել են անձամբ Ռուբիոյի կողմից, 54 միլիարդ դոլար արժողությամբ գրեթե 5,800 դրամաշնորհներ որակվում են չեղյալ համարելու ենթակա, ինչը հանգեցրել է ֆինանսավորման 92%-ով կրճատմանը:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ղեկավարել է Պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի արտաքին օգնության 90-օրյա վերանայումը, որպեսզի համոզվի, որ «հարկատուների դոլարներն օգտագործվում են Ամերիկան ավելի ուժեղ, ավելի ապահով և ավելի բարգավաճ դարձնելու համար»:
Մանրակրկիտ վերանայում ապահովելու համար Պետդեպարտամենտը և ԱՄՆ ՄԶԳ-ն կասեցրել են դրամաշնորհները, պայմանագրերը և այլ ֆինանսավորում: Այս դադարը չի տարածվել օգնության որոշ կատեգորիաների վրա՝ շտապ պարենային օգնություն, կյանք փրկող մարդասիրական օգնություն և այլն։
Ծրագրերը չեղարկվել կամ կասեցվել են պետքարտուղարի նախաձեռնած անհատական վերանայումների արդյունքում։
Դաշնային դատավորը հրամայեց Պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին դադարեցնել կասեցումը և վերսկսել հարկատուների միջոցները ծախսել ծրագրերի վրա, որոնք գտնվում են վերանայման փուլում։ Ի պատասխան՝ Պետդեպարտամենտը և ԱՄՆ ՄԶԳ-ն արագ ավարտել են ծրագրերի գնահատումները՝ հանելով որոշ ծրագրերի կասեցումները և դադարեցնելով մյուսները:
Պետքարտուղարությունը հայտնաբերել է 4,4 միլիարդ դոլար ընդհանուր գումարի դրամաշնորհներ, որոնք ենթակա են չեղարկման, ասվում է հայտարարության մեջ:
«Այս խելամիտ գործողությունները թույլ կտան գործակալություններին և նրանց պայմանագրային և դրամաշնորհային անձնակազմին կենտրոնանալ մնացած ծրագրերի վրա, բացահայտել արդյունավետության համար լրացուցիչ հնարավորություններ և ավելի լավ համապատասխանեցնել հետագա ծրագրերը վարչակազմի Ամերիկայի առաջնահերթություններին», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պահպանել է կարևոր ծրագրեր, ներառյալ պարենային օգնությունը, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի համար փրկող դեղամիջոցներ և կարևոր աջակցություն այն երկրներին, այդ թվում՝ Լիբանանին, Հայիթիին, Վենեսուելային, Կուբային և այլն:
Աշխատանքի հաջորդ փուլում Պետդեպարտամենտը և ԱՄՆ ՄԶԳ-ն, Կոնգրեսի հետ խորհրդակցելով, կսկսեն բարեփոխել այլ երկրներին օգնություն տրամադրելու համակարգը։
Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացրել է ԱՄՆ ՄԶԳ յուրաքանչյուր չմարված պարտավորության անհատական վերանայում և անհապաղ դադարեցնում է օգնությունը, որտեղ դա չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից, ասվում է հայտարարության մեջ:
«ԱՄՆ ՄԶԳ-ն լիովին հանձնառու է շարունակել իրականացնել մնացած դրամաշնորհներն ու ծրագրերը, որոնք պետքարտուղար Ռուբիոն սահմանել է որպես պահպանման առաջնահերթություններ՝ համահունչ «Ամերիկան առաջին հերթին» արտաքին աջակցության վրա, որն ավելի լավ կծառայի ամերիկացի հարկատուներին», - ընդգծվում է փաստաթղթում։
«Այս ջանքերը կհավասարակշռեն իրական մարդասիրական օգնությունը և հարկատուների դոլարները խելամտորեն օգտագործելու անհրաժեշտությունը՝ առաջ մղելու ամերիկյան շահերը տանը և արտերկրում», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: