ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականն ուղարկ...

Փիթ Հեգսեթի գլխավոր խորհրդականներից Դեն Քոլդուելն ուղարկվել է վարչական արձակուրդի՝ «տեղեկատվության չարտոնված բացահայտման համար», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ CBS-ի՝ Քոլդուելն մեղադրվում է լրագրողների հետ գաղտնի փաստաթղթերով կիսվելու մեջ։ Ոչ CBS-ը, ոչ էլ Reuters-ը այլ մանրամասներ չեն հայտնել:

Signal չաթի խմբային զրույցի ժամանակ, որին սխալմամբ ավելացվել է Atlantic հանդեսի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, Փիթ Հեգսեթը Քոլդուելին անվանել է Պենտագոնի լավագույն ներկայացուցիչ, որն ի վիճակի է համակարգել Եմենում հութիների վրա հարձակումը Ազգային անվտանգության խորհրդի հետ, գրում է BBC-ն:

Քոլդուելն Իրաքի պատերազմի վետերան է: 2024 թվականին Financial Times-ին տված հարցազրույցում նա պատերազմն անվանել է «հրեշավոր հանցագործություն»: Քոլդուելը թերահավատորեն էր վերաբերվում Ուկրաինային ռազմական օգնությանը և հանդես էր գալիս Եվրոպայում ամերիկյան զորքերի ներգրավվածության կրճատման օգտին, նշում է Reuters-ը։