
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արեւելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, նա կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատեւ այցից՝ սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան նաեւ դարձել է առաջին երկիրը, ուր Թրամփն այցելել է պաշտոնական այցով: Ինչպես ակնկալվում է, Թրամփը Էր Ռիադում կմասնակցի ԱՄՆ եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթաժողովին: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահն ակնկալում է ներկայացնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դերի եւ նպատակների իր տեսլականը։ Axios-ի աղբյուրների համաձայն՝ գագաթաժողովը նախատեսված է մայիսի 14-ին։ Այցի հիմնական նպատակներից է լինելու տնտեսական գործարքների կնքումը եւ ներդրումներ ներգրավելն ամերիկյան տնտեսությունում։ Ակնկալվում է, որ կքննարկվի նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։ Կատարը առանցքային միջնորդ է Իսրայելի եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջեւ բանակցություններում։ Թրամփը նաեւ նախատեսում է քննարկել նավթի համաշխարհային գները. ԱՄՆ տնտեսական աճի արագացման համար դրանց իջեցումը վարչակազմի հիմնական նպատակներից մեկն է: CNN հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ ամերիկյան պատվիրակության կազմում են, մասնավորապես, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նրանք, ինչպես նշել են հեռուստաընկերության աղբյուրները, կթռչեն նախագահից առանձին՝ մասնակցելու տարածաշրջանի իրենց գործընկերների հետ երկկողմ հանդիպումներին։ Պատվիրակության կազմում կարող են լինել առեւտրի նախարար Հովարդ Լատնիկը եւ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: