
ԱՄՆ-ն ստիպում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին
2020 թվականի պատերազմի ավարտը ազդարարած՝ նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունը կարճ ժամանակ անց հայտնվեց հավաքական Արևմուտքի թիրախում։
Հիշեցնենք՝ Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանում էր պատերազմական գործողությունների դադարեցում, ինչը կանխում էր Արցախի ամբողջական կորստի և ՀՀ սահմանային շրջաններում հնարավոր ներխուժման վտանգը, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, որը անվտանգության երաշխիք էր այնտեղ մնացած հայ բնակչության համար։ Ադրբեջանը ստանում էր Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, համաձայնում էր ռուս խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում՝ առանց կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև ուղիղ կապ էր ստանում Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով, որը պետք է վերահսկվեր ռուսական հատուկ ծառայությունների կողմից։
Եռակողմ այս հայտարարությունը խանգարում էր Արևմուտքին հասնել իր նպատակին, հանուն որի սանձազերծվել էր Արցախի դեմ պատերազմը։ Խոսքը այսպես կոչված «Միջին միջանցքի» մասին է։
Հիշեցնենք, որ «Միջին միջանցքի» (Middle Corridor) զարգացումը Արևմուտքին տալիս է ռազմավարական հնարավորություն՝ շրջանցելու Ռուսաստանը և Իրանը՝ Ասիա-Եվրոպա առևտրային երթուղիներն անվտանգ և արագ կերպով տարանցելու համար՝ Չինաստանից դեպի Եվրոպա՝ անցնելով Կասպից ծովի, Կովկասի և Թուրքիայի տարածքով։ Այս նախաձեռնության ուժեղացումը հանգեցնում է Ռուսաստանի և Իրանի տնտեսական և տրանսպորտային մեկուսացման, քանի որ վերջիններս դուրս են մղվում կարևոր միջազգային լոգիստիկ շղթաներից։
Արևմուտքին անհրաժեշտ էր ամեն կերպ հեղինակազրկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Դրա համար սկզբում գործի դրվեց Հայաստանում գործող գործակալական ցանցը։ Այդ ցանցի միջոցով հայ հանրության մեջ ներթափանցեց համոզմունք, թե ռուսների վերահսկողության տակ գտնվող ճանապարհը Հայաստանի ինքնիշխանության վերացում է նշանակում։ Քարոզչական այս արշավին նպաստում էին Բաքվից հնչող՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությունները։ Ի վերջո, սկսեցին համոզել հայ հանրությանը, որ իբր հանուն Հայաստանի ինքնիշխանության պետք է մոռանալ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին և Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Երբ քարոզչական դաշտը պատրաստ էր, Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս և բացեց հայաթափման ճանապարհը, որին Ադրբեջանը հասավ ռազմական ուժով՝ 2023 թվականի սեպտեմբերին։ Արցախի հայաթափումը ստիպեց ռուս խաղաղապահներին հեռանալ տարածաշրջանից և ևս մեկ քայլով մոտեցրեց Արևմուտքի համար կենսական «Միջին միջանցքի» իրականացմանը։
Արևմուտքի համար այդքան կարևոր միջանցքի գործարկման համար վերջին քայլը պետք է լինի ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ «Միջին միջանցքի» ճանապարհին չի կարող լինել ռուսական ռազմական ներկայություն։ Հայաստան-Իրան սահմանային կետից և Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահներն արդեն հեռացվել են։ Ըստ որոշ աղբյուրների՝ կարճ ժամանակ անց Հայաստանի իշխանությունները կարող են քննարկման դնել նաև ռուսական ռազմաբազայի հարցը։
Այն, որ Արևմուտքի այս մեգանախագծի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել, հաստատվում է օրերս հրապարակված հոդվածով։ Ըստ Carnegie (Քարնեգի) հիմնադրամի հրապարակած նյութի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին առաջարկ է ներկայացրել՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապելու Նախիջևանի հետ։
Աղբյուրները նշում են, որ ամերիկյան առաջարկը հիշեցնում է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակը, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված նախագիծն էր։ Այդ նախագծով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվում էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։
Այս տարբերակն առաջ տանելու համար, ըստ հոդվածի, Վաշինգտոնը պետք է մեծ ջանքեր գործադրի. «Կա՛մ համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջից և ստորագրել խաղաղության համաձայնագիրը (դրան կարելի է հասնել, օրինակ, Իլհամ Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով), կա՛մ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի Հայաստանը համաձայնի ամերիկյան մոդելին և հրաժարվի երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից», — նշվում է հոդվածում։ Ըստ հեղինակների՝ այս երկրորդ տարբերակն առավել իրատեսական է։
Ամերիկյան այս վերլուծական կենտրոնը, ըստ էության, բացահայտում է այն պլանը, որի մասին Հայաստանի իշխանությունները լռում են՝ ԱՄՆ-ն ստիպում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին։
Հ․Գ․ Պատրաստվեք. բոլոր նրանք, ովքեր խոսում էին Հայաստանի ինքնիշխանությունից, Հայաստանով անցնող ճանապարհների այլ երկրների (Ռուսաստանի) վերահսկողության անթույլատրելիությունից, հիմա համոզելու են, թե ինչ լավ է, որ մեր ճանապարհները տրվելու են «անկախ մասնավոր կազմակերպության»։ Իհարկե, դեռ բացատրություն չունեն, թե այդ դեպքում ինչու հայաթափվեց Արցախը և ինչու այդ հարցում համատեղեցին ջանքերը Ալիևի հետ։
Բորիս Մուրազի