
Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա: Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին նույնական են, գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել և գնացել է: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո: Եկեղեցին դրա արդյունքում փլուզվե՞լ է՝ ո՛չ, չի փլուզվել: Էլ չեմ ասում՝ նախկինում Հայաստանում դեպքեր եղել է եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»,-նշել է նա և հավելել, որ դա ինքն իր լրագրողական տարիներից է հիշում:
Հարցին՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը կապ ունի՞ Ադրբեջանի հոգևոր հոր՝ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետ, Փաշինյանն ասել է, որ ոչ:
«Դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին: Գուցե շատ մեծ թերություն է, բայց չեմ հետևում, նույնիսկ միջազգային հարթակներում արված հայտարարություններին»,-հավելել է վարչապետը: