
Միացյալ Նահանգներն սկսել է զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխել Եվրոպա՝ դաշնակիցների և գործընկերների հետ DEFENDER 25 լայնածավալ զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարությունը:
Ընդհանուր առմամբ, Եվրոպա կժամանի ԱՄՆ-ի 5400 զինծառայող։ Մայիսի 11-ից մինչև հունիսի 24-ը կայանալիք զորավարժություններին բացի Միացյալ Նահանգներից կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 18 երկիր:
«DEFENDER 25-ն ԱՄՆ բանակի լայնածավալ զորավարժություններ են, որոնք կստուգեն, թե ամերիկյան զորքերը որքան արագ և արդյունավետ կերպով կարող են ծավալվել Եվրոպայում և պաշտպանել Արևելյան թևը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ…. ցուցադրելու ամերիկյան զինված ուժերի կարողությունը՝ մեծ տարածությունների վրա ուղարկելու ուժեր, իրականացնելու գործողություններ և աջակցելու դաշնակիցներին Արկտիկայից մինչև Միջերկրական և Սև ծովերի տարածաշրջաններ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան զորքերը DEFENDER 25-ի շրջանակներում կմասնակցեն զորավարժությունների երեք խոշոր փուլերի ՝ Swift Response (Արագ արձագանքում), Immediate Response (Անմիջական արձագանքում) և Saber Guardian (Սուսերի պահապան):
Մայիսի 11-ից մինչև 31-ն անցկացվող Swift Response-ի ժամանակ Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Լատվիայում, Լիտվայում և Շվեդիայում կանցկացվի հինգ օդադեսանտային գործողություն:
Immediate Response-ը երկրորդ փուլն է, որի ընթացքում մայիսի 26-ից հունիսի 9-ը ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների շուրջ 12 000 զինծառայող կիբերպաշտպանության ապահովման գործողությունները կկատարելագործի ութ երկրներում (Ալբանիա, Բուլղարիա, Խորվաթիա, Հունաստան, Կոսովո, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա և Սլովակիա):
Վերջնական փուլը՝ Saber Guardian-ը, որը կանցկացվի հունիսի 9-24-ը, ուղղված է ՆԱՏՕ-ի ցամաքային առաքելության հրամանատարության արդյունավետության բարձրացմանը և ՆԱՏՕ-ի դաշնակից ու գործընկեր ուժերի միջև համակարգման բարելավմանը: Զորավարժությունների այս փուլը, որին կմասնակցի բազմազգ ուժերի շուրջ 10 000 զինծառայող, կանցկացվի Չեխիայում, Հունգարիայում և Ռումինիայում։