Միացյալ Նահանգները եւ Իրաքը շուտով բանակցություններ կսկսեն մերձավորարեւելյան երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Այս մասին տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով հեռուստաալիքի աղբյուրներին։
Նրա տեղեկացմամբ՝ «ԱՄՆ-ն եւ Իրաքը մոտ են համաձայնագրի կնքմանը բարձրագույն ռազմական հանձնաժողովի շրջանակում», որի ընթացքում ենթադրվում է որոշել ապագա գործողության քայլերը։
Նշվել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի զորքերի դուրսբերման ժամանակացույցը հաշվի առնի ընթացիկ իրավիճակն Իրաքում եւ կառավարության ու ուժային կառույցների կայունության աստիճանը։ Իրաքի ղեկավարությունն, իր հերթին, կարծում է, որ զորքերի դուրսբերման ժամկետը չպետք է կախված լինի որեւէ հանգամանքից։
Հունվարի 5-ին արաբական հանրապետության վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին հայտնել էր, որ երկրում միջազգային կոալիցիայի ուժերի գտնվելու մասին արդարացումներն ավարտվել են եւ Բաղդադը մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ օտարերկրյա զինվորականների ներկայությունն ավարտելու նպատակով։ Նա նշել է, որ իշխանությունները «որոշում են բանակցությունների սկսման ժամանակը երկկողմ կոմիտեի շրջանակում, որը ստեղծվել է Իրաքում կոալիցիայի ներկայությունը դադարեցնելու շրջանակում»։ Աս-Սուդանիի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ ան-Նուջաբա» շիա շարժման հրամանատարներից Աբու Թաքվան սպանվել էր Բաղդադում ամերիկյան անօդաչուի հարվածից, վեց մարդ տուժել էր։
Պենտագոնում, իրենց հերթին, հունվարի 8-ին տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ն չի ծրագրում ներկայում Իրաքից դուրս բերել իր զորքերը, որոնց թվաքանակը կազմում է մոտ 2,5 հազար։ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի խոսքով՝ իրեն հայտնի չէ Իրաքի կառավարության որեւէ դիմումի մասին՝ համապատասխան խնդրանքով։ Պենտագոնի ներկայացուցիչը ավելացրել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն Իրաքում է գտնվում այդ երկրի կառավարության հրավերով։