ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պեսկովի ընտանի...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահամանյան ակտիվների վերահսկողության վարչությունն (OFAC) այսօր հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ներառվել է պատժամիջոցների ցուցակում։

OFAC-ի հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, ինչպես նաեւ նրա երեխաները՝ Նիկոլայ եւ Լիզա Պեսկովները։ Ըստ OFAC-ի՝ Պեսկովների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը «վարում է շքեղ կենսակերպ, որն անհամատեղելի է պետական ​​ծառայողի աշխատավարձի հետ»։

ԱՄՆ ֆիննախը նշում է, որ Նավկան ավելի քան 10 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր է։ Մասնավորապես, նա ունի շքեղ անշարժ գույք Մոսկվայում եւ պրեստիժային արվարձաններից մեկում, ինչպես նաեւ բնակարան «բռնակցված» Ղրիմում: Նիկոլայ Պեսկովը, ըստ ԱՄՆ ֆիննախի հաղորդագրության, «մեծացել է Մեծ Բրիտանիայում, սակայն վերադարձել է Ռուսաստան՝ բանակում ծառայելու համար, ապա ավելի ուշ աշխատել է ռուսական RT քարոզչական գործակալությունում»։ Հաղորդվում է, որ Նիկոլայ Պեսկովը ճանապարհորդում է մասնավոր ինքնաթիռներով ու զբոսանավերով, նրա տրամադրության տակ կան նաեւ մի շարք շքեղ մեքենաներ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Լիզա Պեսկովան սոցցանցերում ցույց է տալիս, որ շքեղ կենսակերպ է վարում։ «Նա նախկինում ստաժավորում է անցել  Եվրախորհրդարանի մի պատգամավորի մոտ, որը հրապարակայնորեն պաշտպանել է ուկրաինական Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ֆինանսների նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Պեսկովին համարում է Ռուսաստանի «առանցքային քարոզիչ», իսկ Ավստրալիան, Կանադան եւ Եվրամիությունը նույնպես պատժամիջոցներ են սահմանել նրա դեմ։

Պատժամիջոցներն ընդլայնվել են նաեւ ռուս գործարար Վիկտոր Վեկսելբերգի նկատմամբ, որի կարողությունը գերազանցում է 6 միլիարդ դոլարը։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վեկսելբերգը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի առաջատար պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ Պուտինի եւ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ 

OFAC-ը հայտարարել է, որ Վեկսելբերգի ակտիվներն արգելափակված են, մասնավորապես P4-MIS համարով Airbus A319-115-ը, որը գրանցված է Արուբայում եւ Tango անունով զբոսանավը: Պատժամիջոցների տակ հայտնված գույքի ընդհանուր գումարը կազմում է 180 միլիոն դոլար։

Ֆինանսների նախարարությունը հայտարարել է նաեւ ՎՏԲ բանկի խորհրդի տասը անդամների՝ ցանկում ներառելու մասին։ Նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել Օլգա Դերգունովան, Վադիմ Կուլիկը, Վալերի Լուկյանենկոն, Անատոլի Պեչատնիկովը, Նատալյա Կորտիկսը, Մաքսիմ Կոնդրատենկոն, Էրկին Նորովը, Սվյատոսլավ Օստրովսկին, Դմիտրի Պյանովը եւ Յուրի Անդրեսովը։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Պետդումայի 11 պատգամավորների նկատմամբ, որոնք դիմել են խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման համար։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Պետդումայի պատգամավորներ Յուրի Աֆոնինը, Եվգենի Բեսոնովը, Լեոնիդ Կալաշնիկովը, Վլադիմիր Կաշինը, Նիկոլայ Կոլոմեյցեւը, Ալեքսեյ Կուրիննին, Իվան Մելնիկովը, Դմիտրի Նովիկովը, Նիկոլայ Օսադչիյը, Կազբեկ Տայսաեւը,  Գենադի Զյուգանովը։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նույնպես ցուցակում է։

Պատժամիջոցների ցուցակում ներառվելը նշանակում է ԱՄՆ-ում անշարժ գույքի եւ ակտիվների սառեցում, ինչպես նաեւ ցանկացած ֆինանսական գործարք, ներառյալ՝ ապրանքների գնում կամ ծառայությունների մատուցում։ Բացի այդ, պատժամիջոցներն ավտոմատ կերպով կիրառվում են ընկերությունների նկատմամբ, եթե պատժամիջոցների ցանկում հայտնված անձն ունի այդ ընկերություններում ավելի քան 50 տոկոս մասնաբաժին։