ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռ...

ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ. այս մասին, Associated Press-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Եթե դա անհրաժեշտ լինի, միանշանակ, այո»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի։

Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։

«Մենք քիչ ժամանակ ունենք, մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ստանալ: Ես շատ բան չեմ խնդրում, նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ», - ասել է ԱՄՆ նախագահը։ 

«Բայց Իրանի հետ, այո, եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք: Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում: Նրանք կլինեն առաջնորդն այս հարցում: Բայց մեզ ոչ ոք չի ղեկավարում։ Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։

Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակում նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Ըստ Սպիտակ տան՝ բանակցությունները կանցկացվեն ուղղակիորեն, ըստ Թեհրանի՝ միջնորդների միջոցով։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։