ԱՄՆ-ն մտադիր է մինչև համատեղ բանակցություններ...

ԱՄՆ-ը նախատեսում է առանձին բանակցություններ վարել ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ հնարավոր համատեղ բանակցություններից առաջ, NBC News-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։

Նրանցից մեկի համաձայն՝ այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավասարապես ակտիվ է համագործակցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ «Մենք ցանկանում ենք վերջ տալ մահերին և շարժվել դեպի կայուն խաղաղություն»,- հավելել է նա։

Ռուսական և ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ, ինչպես և սպասվում էր, տեղի կունենան Էր-Ռիադում փետրվարի 18-ին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մոտ կանգնած NBC News-ի աղբյուրը հայտնել է, որ փետրվարի 15-ի երեկոյան Կիևը դեռևս չի հրավիրվել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Այս տեղեկությունը հաստատել են հեռուստաալիքի աղբյուրներն ԱՄՆ-ում։

«Վտանգավոր է խոսել թշնամիների հետ, նախքան դաշնակիցներիդ հետ խոսելը։ Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Պուտինի հետ բանակցություններից առաջ մեզ անհրաժեշտ է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումը»,- ասել է NBC-ի ուկրաինական աղբյուրը։