ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է ինը մ...

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են հզոր խմբավորում, որը բաղկացած է երկու ավիակրային հարվածային խմբից և Tomahawk թևավոր հրթիռներ կրող Ohio դասի միջուկային սուզանավից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տվյալները:

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրուման» ավիակրային խմբի կազմի մեջ մտնում են հրթիռային հածանավ և երեք էսկադրային ականակիր։ Կարմիր ծովի կենտրոնական մասում վաղուց մարտական ​​հերթապահություն իրականացնող «Հարի Թրուման»-ի տախտակամածային ավիացիան գործնականում շուրջօրյա հարվածներ է հասցնում Եմենի հութիների ռազմական օբյեկտներին:

Օրերս ամերիկյան երկրորդ ավիակրային հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, ժամանել է Մերձավոր Արևելքի շրջան՝ աջակցելու «Հարի Թրուման»-ի գործողություններին։ Նրա կազմի մեջ մտնում են հրթիռային հածանավ և երկու էսկադրային ականակիր։ Խումբը ներկայում գտնվում է Արաբական ծովում՝ Օմանի հարավային ափերի մոտ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել էր երկրորդ ավիակիրն ուղարկել Մերձավոր Արևելք՝ հութիների ռազմական օբյեկտներին զանգվածային ավիահարվածներ հասցնելու որոշման ֆոնին:

Պենտագոնն ապրիլի սկզբին Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանական Դիեգո Գարսիա կղզու բազա է տեղափոխել վեց B-2A Spirit ռազմավարական ռմբակոծիչներ՝ պատրաստված «սթելս» տեխնոլոգիայով: ԱՄՆ ռազմաօդային ուժերն ունեն, ընդհանուր առմամբ, այդպիսի 19 ինքնաթիռ: CNN հեռուստաալիքի տվյալներով, որը վկայակոչում է Պենտագոնի ներկայացուցիչներին, այդ ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Եմենում հութիների թիրախներին։

Բացի այդ, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի բազաներ է տեղափոխել  A-10 Thunderbolt II գրոհիչների ավիացիոն խմբավորում: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռները մարտական ​​առաջադրանքներ են կատարում տարածաշրջանում։

ԱՄՆ-ն նաև Հորդանան է տեղափոխել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների խումբ:

Բացի այդ, Հեգսեթը կարգադրել է Մերձավոր Արևելքում տեղակայել հակահրթիռային պաշտպանության երկու Patriot մարտկոց և մեկ THAAD մարտկոց: Դրանք տեղակայված են Պարսից ծոցում Կատարի և ԱՄԷ-ի ռազմաբազաներում: ԱՄՆ-ն նաև մեկ THAAD մարտկոց է տեղափոխել Իսրայել: