Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին գլխավորում է 19 լիբանանցի քաղաքական գործիչների ցուցակը, որոնց Միացյալ Նահանգները սպառնում է պատժամիջոցներով՝ հանրապետության նոր նախագահի ընտրությունը խոչընդոտելու համար: Այս մասին հայտնել է Nida Al-Watan թերթը։
ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը, որը պատժամիջոցներ նախաձեռնողն է, Բեյրութ կատարած այցի ընթացքում Լիբանանի ապագա նախագահի ընտրության ձախողման ողջ պատասխանատվությունը դրել է խորհրդարանում Բերիի գլխավորած պատգամավորների վրա ու զգուշացրել, որ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե հանրապետության ղեկավարն այս ամիս չընտրվի։
Հունվարի 19-ին Լիբանանի խորհրդարանի պատգամավորները տասնմեկերորդ անգամ անցկացված քվեարկության ժամանակ քաղաքական տարաձայնությունների պատճառով չկարողացան ընտրել հանրապետության նախագահին։ Կառավարության ամենաբարձր պաշտոնը թափուր է անցյալ տարվա հոկտեմբերի 31-ից, երբ գեներալ Միշել Աունը լքեց Բաաբդա նախագահական պալատը իր վեցամյա ժամկետի ավարտից հետո։
Ըստ Լիբանանի պետական կառուցվածքի, երկրի նախագահ է ընտրվում քրիստոնյա, վարչապետ՝ սունի, իսկ խորհրդարանի նախագահ՝ շիա համայնքների ներկայացուցիչները: