Եվրամիության դիրքորոշումը Ուկրաինայում Մայդանի ժամանակաշրջանում հստակ էր. Ուկրաինան կանգնած էր շատ պարզ ընտրության առաջ՝ եթե մեզ հետ չես, ուրեմն մեր դեմ ես։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի «Աբովյան Time» հաղորդման եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով, այս քաղաքականությունը Արեւմուտքը կիրառում է հետխորհրդային երկրների, եւ ընդհանրապես Ռուսաստանի հետ սերտ կապված երկրների նկատմամբ։
Նա նշեց, որ այս մոտեցումն արտացոլում է Արևմուտքի իրական նպատակը, որոնք ոչ թե փոխշահավետ համագործակցություն զարգացնելու ուղիներ գտնելն է, այլ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված իրավիճակը աշխարհում իր գերակայությունը հաստատելու համար օգտագործելը։ Գաղութային մտածողությունը չի վերացել, այն պարզապես ձևափոխվել է, նշել է դեսպանը։
«Վաղուց հռչակված այս սկզբունքները դեռևս գործում են գեղեցիկ հռետորաբանության քողի ներքո։ Չնայած այս հռետորաբանությունը գնալով ավելի բացահայտ է դառնում։ Մենք դա տեսնում ենք Հարավային Կովկասի հետ կապված, երբ ամերիկյան ներկայացուցիչներն ուղղակիորեն իրենց քաղաքականությունն են սահմանում Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի համատեքստում։



