
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ մարտի 3-ին հանդիպում է ունեցել, որի ընթացքում պետք է քննարկեր, այդ թվում, Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը կրճատելու հարցերը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
«Բացի այնպիսի սարքավորումների տրամադրումը կասեցնելուց, ինչպիսիք են զինամթերքն ու ռադարները, քննարկվում է քաղաքականության ևս մեկ տարբերակ՝ հետախուզական տվյալների փոխանակման և ուկրաինացի զինծառայողների ու օդաչուների ուսուցման սահմանափակումը», - ասվում է հոդվածում։
Ինչպես նշել է հրատարակության զրուցակիցը, Թրամփի օգնականներն սկսել են Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու լուրջ քաղաքական տարբերակներ պատրաստել փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահի և նրա ուկրաինացի պաշտոնակցի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո։
Աղբյուրի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը և Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Այլ աղբյուրներ CNN-ին հայտնել էին, որ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային։