
ԱՄՆ-ն Ավստրալիային թույլտվություն է տվել Ուկրաինա ուղարկելու դուրսգրված Abrams տանկերը։ Ավստրալական ABC մեդիաընկերությունը երկուշաբթի՝ մայիսի 19-ին, հայտնել է, որ ս ծովային ճանապարհով Ուկրաինա ուղարկելու համար պատրաստվել է 49 տանկից բաղկացած առաջին խմբաքանակը։
Ինչպես նշում է ABC-ն, ԱՄՆ-ն համաձայնել է ամերիկյան արտադրության Abrams տանկերն Ուկրաինա ուղարկելուն՝ չնայած այն հանգամանքին, որ մասնավոր զրույցներում ամերիկացի պաշտոնյաները կասկածում էին նման օգնության արդյունավետությունը։ Նրանք ասում էին, որ, նախ, նման տեխնիկան դժվար կլինի հասցնել Ուկրաինա, երկրորդ, դժվար կլինի այն մարտունակ վիճակում պահել, և երրորդ, ընդհանրապես կասկածելի է, որ Abrams տանկերը, որոնց աշտարակի տանիքը, ինչպես պարզվեց, խոցելի է հարվածների համար, պիտանի են այն մարտերի համար, որտեղ ակտիվորեն կիրառվում են դրոններ, գրում է DW-ն։
Պաշտոնապես, ընդգծում է ABC-ն, ավստրալական Abrams տանկերն Ուկրաինային փոխանցելու նպատակահարմարության վերաբերյալ կասկածներ չեն հնչել։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը, մեկնաբանելով Abrams-ների առաջին խմբաքանակի ուղարկումը, լրագրողներին հայտարարել է. «Մենք շատ սերտ համագործակցել ենք Ուկրաինայի հետ, շատ սերտ համագործակցել ենք Միացյալ Նահանգների հետ՝ այս բեռնումը իրականացնելու և տեսնելու համար, որ տանկերն արդեն ճանապարհին են»։