ԱՄՆ միջազգային իմիջը վատացել է Թրամփի օրոք. A...

Աշխարհի առաջատար երկրների բնակիչները սկսել են վատ վերաբերվել Միացյալ Նահանգներին այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն եւ ներմուծման մաքսատուրքեր սահմանել։ Չինաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցողների բաժինը վերջին հինգ տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի է, գրել է Axios պորտալը՝ հղում կատարելով Morning Consult ընկերության ուսումնասիրությանը։ Ընկերությունն ամեն օր հարցումներ է անցկացնում մոտ 5 հազար մարդու շրջանում աշխարհի 41 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ այլուր։ Վերջին մեկուկես տարվա տվյալները ցույց են տալիս, որ չնայած Թրամփի ընտրությունից հետո Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքը բարելավվել է, նրա պաշտոնավարման արարողությունից ի վեր վարկանիշը կայուն եւ արագ անկում է գրանցել։ Գնահատականը սահմանվում է որպես հարցվածների այն մասնաբաժնի տարբերություն, որոնք ունեն դրական եւ բացասական վերաբերմունք տվյալ երկրի նկատմամբ, ուստի բացասական ցուցանիշը նշանակում է, որ հարցվածների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի երկրի նկատմամբ։ Մայիսին ԱՄՆ վարկանիշը բացասական էր։ Այն կայունացել է, երբ Վաշինգտոնն ու Պեկինը համաձայնել են ժամանակավորապես վերացնել փոխադարձ մաքսատուրքերը եւ բանակցություններ վարել, սակայն այն բանից հետո, երբ Թրամփը անցյալ շաբաթ մեղադրեց Չինաստանին գործարքը խախտելու մեջ, վարկանիշը կրկին բացասական դարձավ։ Ընդհակառակը, Չինաստանի նկատմամբ վերաբերմունքը շարունակաբար բարելավվել է 2024թ. հուլիսից ի վեր։ Հունվարին վարկանիշը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ դարձել է դրական եւ մայիսի 30-ի դրությամբ կազմել 8.8 միավոր՝ Միացյալ Նահանգների -1.5 միավորի համեմատ։ «2025թ. հունվարից ի վեր երկրների ճնշող մեծամասնությունը միաժամանակ գրանցել է Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքի վատթարացում եւ Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի բարելավում»։ Միայն Ռուսաստանում Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն բարելավվել է։ «Քանի որ ԱՄՆ-ի մասին պատկերացումները վատթարանում են, ամերիկյան ընկերությունների համար առեւտրային եւ ներդրումային հնարավորությունները նույնպես կարող են նվազել, քանի որ սպառողները խուսափում են նրանց ապրանքներից եւ աշխատատեղերից»,- ասել է վերլուծաբան Ջեյսոն Մաքմանը։