Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը բացասաբար են անդրադառնում գերմանական ավտոարդյունաբերության վրա։
«Հետևանքը սարսափելի է», - ասել է նա ամերիկյան CNN հեռուստաալիքին, երբ նրան խնդրել են գնահատել, թե ինչպես են ԱՄՆ մաքսատուրքերն ազդում գերմանական ավտոարդյունաբերության վրա։ «Ես շատ հույս ունեմ, որ մենք լուծում կգտնենք այս առևտրային հակամարտության համար։ Ի վերջո, դա սպառնալիք է մեզ բոլորիս համար», - ասել է Մերցը, ով հինգշաբթի օրը հանդիպել է Թրամփի հետ Վաշինգտոնում։ Կանցլերը հույս է հայտնել, որ առևտրային վեճը կարող է լուծվել ամռանը։
Մերցը հավելել է, որ Բեռլինը և Վաշինգտոնը «յուրաքանչյուր կողմից ներկայացուցիչներ կնշանակեն՝ մաքսատուրքերի շուրջ բանակցելու համար»։ «Սակայն դա պետք է հասցվի եվրոպական մակարդակի, քանի որ առևտրային քաղաքականությունը ԵՄ-ի պատասխանատվությունն է։ Մենք [ԵՄ] մաս ենք կազմում և փորձում ենք կառուցողական դեր խաղալ», - ասել է Գերմանիայի կանցլերը։
Մայիսի վերջին Handelsblatt թերթը հայտնել է, որ խոշորագույն գերմանական ավտոարտադրողները, այդ թվում՝ Volkswagen-ը, BMW-ն և Mercedes-ը, բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ ներմուծման մաքսատուրքերը վերացնելու կամ մեղմացնելու համար։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ավտոհսկաները կնախընտրեին ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր, որը կվերացներ բոլոր մաքսատուրքերը։ Սակայն ո՛չ եվրոպացիները, ո՛չ էլ ամերիկացիները դեռևս դա չեն ցանկանում։ Այդ պատճառով մաքսատուրքերի առնվազն 10%-ով նվազեցումը ընդունելի կլինի, հատկապես հաշվի առնելով, որ ԵՄ-ն 10% մաքսատուրք է մտցնում ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծման վրա, եզրափակել է թերթը։



