ԱՄՆ 119-րդ գումարման Կոնգրեսի ստորին պալատում մտցվել է առաջին օրինագիծն Ուկրաինայի վերաբերյալ։ Այն կոչ է անում Կրեմլի գործողությունները պատերազմում Ուկրաինայի դեմ ճանաչել ցեղասպանություն։ Ինչպես տեղեկացրել է «РБК-Украина»-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան Facebook-ում։
«Կոնգրեսն իր աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում կարեւոր ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ռուսաստանն ամեն օր հանցագործություններ է կատարում Ուկրաինայի դեմ պատերազմում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձեւի նախագիծ, որը կոչ է անում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության գործողությունները ճանաչել ցեղասպանություն»,- գրել է Մարկարովան։
Նրա խոսքով՝ դա Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան եւ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրների երկկուսակցական խմբի փոխգործակցության արդյունքն է:
Փաստաթղթի ներածությունում, մասնավորապես, ասվում է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի կատարած վայրագությունները, ներառյալ հարձակումները խաղաղ բնակչության վրա, ծննդատների եւ բուժհաստատությունների վրա ուղիղ հարձակումները, ինչպես նաեւ հարյուր հազարավոր ուկրաինացիների, այդ թվում՝ երեխաների հարկադիր տեղահանումը Ռուսաստան եւ տարածքների օկուպացիան համապատասխանում են ՄԱԿ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի II հոդվածով սահմանված չափանիշներին։
Բանաձեւի նախագիծը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը եւ կոչ է անում ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ միասին աջակցել Ուկրաինային՝ կանխելու հետագա հանցագործությունները։ Փաստաթուղթը նաեւ աջակցում է ռազմական հանցագործությունների եւ ագրեսիայի համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու տրիբունալներին եւ հետաքննություններին: