ԱՄՆ գործադիր իշխանությունները դադարեցնում են ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):
Խոսքն ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից այս լրատվամիջոցների ծառայությունների թանկարժեք բաժանորդագրությունների համար վճարելու մասին է։ Մասկի խոսքով՝ Պետդեպարտամենտը դադարեցրել է վճարումները Associated Press-ին, ֆիննախը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրությունների համար վճարումները, իսկ Ազգային ավիատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) հրաժարվել է Politico բաժանորդագրությունից։
Հատկանշական է, որ միայն Politico-ի բաժանորդագրության համար կառավարությունը վճարել է 8,2 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը կչեղարկի 8 մլն դոլարի սուբսիդավորումը Politico թերթի բաժանորդագրման համար:
Լևիթը կրկնել է սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումը, որ Politico-ն և Associated Press-ը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից: Սակայն, ինչպես գրում է CNN-ը, իրականում վճարումները լրատվամիջոցի ծառայություններից օգտվելու համար դաշնային կառավարության բաժանորդագրությունների համար են: Բոլոր դաշնային գործակալությունները միասին անցած տարի 8,2 միլիոն դոլար են ծախսել Politico Pro-ի վրա, ըստ USASpending.gov-ի:
Սպիտակ տանը ճեպազրույցում Լևիթը լրագրողներին ասել է, որ իրեն տեղյակ են պահել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից լրատվամիջոցներին, այդ թվում՝ Politico-ին ֆինանսավորման մասին, և նշել, որ հարկատուների գումարները, որոնք հատկացվել են Politico-ին սուբսիդավորելու համար, այլևս չեն տրամադրվի:
«Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) աշխատում է այդ վճարումները չեղարկելու համար», - ընդգծել է նա:
Politico-ի ղեկավարներ Գոլի Շեյխոլեսլամին և Ջոն Հարիսը հերքել են, որ մեդիա ընկերությունը որևէ ֆինանսավորում է ստացել կառավարությունից:
«Politico-ն երբեք չի եղել պետական ծրագրերի կամ սուբսիդիաների շահառու՝ ոչ մի ցենտ, երբևէ, 18 տարվա ընթացքում»,- նշել են լրատվամիջոցի ղեկավարները։
Մեդիա ընկերությունը հավելել է, որ պետական կառույցները բաժանորդագրվում են իր Pro ծառայությանը, ինչպես դա անում են կորպորացիաները:
Associated Press-ի հետաքննող լրագրող Բայրոն Թաուն X-ում հայտնել է, որ «դա տեղի է ունենում այն պատճառով, որ գործակալությունները (ոչ միայն ԱՄՆ ՄԶԳ) բաժանորդագրություններ են գնում Politico-ի Pro խմբագրական արտադրանքի համար, այլ ոչ թե այն պատճառով, որ Politico-ն դրամաշնորհներ կամ այլ դաշնային ֆինանսավորում է ստանում»:
Հայտարարության մեջ AP-ն ասում է, որ դաշնային կառավարությունը «երկար ժամանակ եղել է AP-ի բաժանորդ՝ ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական վարչակազմերի միջոցով»:
«Բավականին սովորական է, երբ կառավարությունները պայմանագրեր են կնքում լրատվական կազմակերպությունների հետ դրանց բովանդակության համար», - ասվում է հայտարարության մեջ: