
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է չինական արտադրության մինչև 800 դոլար արժողությամբ ապրանքների համար նախատեսված անմաքս ներմուծման կանոնը, հաղորդում է New York Times-ը։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ում գործում է այսպես կոչված «de minimis» կանոնը, որը նախատեսում է մինչև 800 դոլար մաքսային արժեք ունեցող ապրանքների անմաքս ներմուծում, եթե դրանք պատվիրվել են անմիջապես անհատների կամ փոքր բիզնեսի կողմից։ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա Վաշինգտոնի կողմից մաքսատուրքեր սահմանելուց հետո, ընկերությունները մաքսատուրքերը շրջանցելու նպատակով սկսել էին դիմել այս «սողանցքին»։
«Թրամփի վարչակազմը ուրբաթ օրը պաշտոնապես փակեց օրենսդրական մի սողանցք, որը ամերիկացի գնորդներին հնարավորություն էր տալիս Չինաստանից էժան ապրանքներ գնել առանց մաքսատուրքեր վճարելու», -գրել է New York Times-ը։
Պարբերականը նշում է, որ փոփոխությունները կանդրադառնան մայրցամաքային Չինաստանից և Հոնկոնգից մատակարարվող ապրանքների վրա։ Բացի դրանից, այս միջոցառումները վերաբերում են նաև չինական արտադրության ապրանքներին, որոնք ԱՄՆ են ուղարկվում այլ երկրների միջոցով։ Ինչպես նշում է New York Times-ը, «de minimis» կանոնը դեռևս վերաբերում է բոլոր մյուս երկրներից ներմուծվող ապրանքներին, բացառությամբ Չինաստանի։