
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է 1 մլրդ դոլարով կրճատել Հարվարդի համալսարանի պետական ֆինանսավորումը, հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պատճառը համալսարանի` կադրային եւ կրթական քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու դժկամությունն է: Հրապարակման մեջ նշվել է, որ կրճատումները կազդեն առողջապահության ոլորտում հետազոտությունների համար նախատեսված դրամաշնորհների վրա։ Կողմերը նախկինում բախվել են կառավարման եւ ակադեմիական չափանիշների վերաբերյալ տարաձայնությունների շուրջ: «Թրամփի վարչակազմը զայրացել է Հարվարդի դիրքորոշումից: Սա պարզապես վեճ չէ, այլ ազդակ է այլ համալսարանների համար»,- նշել է պարբերականը: Ապրիլի 15-ին Դոնալդ Թրամփը գրել էր, որ կառավարությունը կարող է Հարվարդի համալսարանին զրկել հարկերից ազատված կարգավիճակից։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփի վարչակազմը հարցում է ուղարկել Հարվարդի համալսարան՝ վերջին տասնամյակի բոլոր օտարերկրյա նվիրատվությունների, դրամաշնորհների եւ պայմանագրերի վերաբերյալ տվյալներ տրամադրելու համար: