Իրանն ԱՄՆ-ին որևէ ուղերձ չի ուղարկել Վաշինգտոնի կողմից հակաիրանական պատժամիջոցների վերացման խնդրանքով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
Նոյեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին խնդրում է վերացնել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, և ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսելու Իսլամական Հանրապետության իշխանություններին:
«ԱՄՆ-ին որևէ ուղերձ չի եղել, բայց իրանցիները միշտ ձգտում են պատժամիջոցների վերացման: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկն ասել, թե մենք պատժամիջոցներ ենք ցանկանում», - ասել է նա լրագրողներին «Մենք և Արևմուտքն Այաթոլլահ Խամենեիի աշխարհայացքում» խորհրդաժողովի շրջանակներում:
Ինչպես նշել է Լարիջանին, կառավարության բոլոր գործողություններն ուղղված են հակաիրանական պատժամիջոցների վերացմանը, բայց ոչ մի ազդանշան դիվանագիտական ուղիներով չի ուղարկվել, քանի որ ավելի վաղ արդեն եղել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու փորձ, որն ավարտվել է 12-օրյա պատերազմով և իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծումներով:



