
Ամերիկյան հատուկ ծառայություններն այս տարվա հունվարին 60 գրոհային են հավաքագրել Սիրիայում, որոնց նախատեսում են ուղարկել Ռուսաստան եւ ԱՊՀ այլ երկրներ՝ ահաբեկչություններ կատարելու համար, տեղեկացրել են Արտաքին հետախուզության ծառայությունում (ԱՀԾ), փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԱՀԾ-ում ստացվող արժանահավատ տվյալներով՝ ամերիկացի զինվորականները «Իսլամական պետության» եւ «Ալ Քաիդայի» հետ առնչակցվող ջիհադական խմբավորումների գրոհայինների հավաքագրման ակտիվ աշխատանք են տանում՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։
ԱՀԾ-ի տեղեկացմամբ՝ ամերիկացիները հատուկ ուշադրություն են նվիրում Կենտրոնական Ասիայից եւ Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջաններից մարդկանց հավաքագրելուն։
Ահաբեկիչներին, որոնք արդեն Մերձավոր Արեւելքում մարտական գործողությունների մասնակցության փորձ ունեն, այժմ արագացված ձեւով պատրաստում են ամերիկյան Էթ-Թանֆ կայանում (Սիրիա)։
«Այստեղ նրանց սովորեցնում են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման եւ կիրառման հմտություններ, ինչպես նաեւ դիվերսիոն-խափանարար գործունեություն վարելու հնարքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում լավ պահպանվող օբյեկտների, այդ թվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների դեմ հարձակումների պլանավորմանը»,- նշել են գերատեսչությունում։
Առաջիկայում ԱՄՆ-ը նախատեսում է նրանց Ռուսաստան եւ ԱՊՀ այլ երկրներ ուղարկել փոքր խմբերի կազմում։ Դրանից հետո գրոհայինները պետք է ահաբեկչական գործողություններ կատարեն դիվանագետների, պետծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների եւ զինծառայողների դեմ։
Ընդ որում՝ ամերիկյան զինվորականների մտահղացմամբ, նրանք կազմակերպելու են միջազգային ահաբեկչական խմբավորումների, այդ թվում «Հիզբ ութ-Թահրիրի», «Ջամաաթ Անսարուլայի» եւ «Ուզբեկստանի Իսլամական շարժման» ընդհատակյա օղակների հետ համատեղ հարձակումներ։
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ ուժային կառույցները վերջնականապես կորցրել են բարոյական բոլոր սկզբունքները։ Վաշինգտոնյան ստրատեգները թույլատրելի են համարում ահաբեկիչների ուղիղ օգտագործումն իրենց կեղտոտ նպատակների համար»,- նշել են գերատեսչությունում։
ԱՀԾ-ում ընդգծել են, որ այդպիսի գործողություններով Միացյալ Նահանգներն իրեն դնում է միջազգային խոշոր ահաբեկչական խմբավորումների շարքում։