ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններն ունեն...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն մեզ համար, և պալատը կարող է կաևոր դերակատարություն ունենալ այս հարցում։

ՀԱԱՊ նախագահ Էլինա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսությանն աջակցելու համար և ընդգծել հետագա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: Այնուհետև ներկայացվել են ՀԱԱՊ-ի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նրա հանձնառությունը՝ ծառայելու որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև:

Հանդիպմանը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին և իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ: