ԱՄՆ-ի դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորե...

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին «անկանխատեսելի հետեւանքների պատճառով»։ Արդեն ՌԴ-ում գտնվող ամերիկացիները պետք է անհապաղ հեռանան այդ երկրից, նշվել է ամերիկյան դեսպանության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նշվել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են ենթարկվել պոտենցիալ հետապնդման եւ կալանավորման Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Նրանց կարող են զրկել հյուպատոսական օգնություն ստանալու հնարավորությունից, զորակոչի ենթարկել կամ խանգարել երկրից նրանց դուրս գալուն։

Հաղորդագրությունում նշվել է, որ ԱՄՆ-ի դեսպանության հնարավորություններն այժմ խիստ սահմանափակված են ՌԴ-ից ամերիկացիների հեռանալուն օգնելու հարցերում, իսկ տեղափոխման հնարավորությունները կարող են հանկարծակի էլ ավելի սահմանափակվել։