
Ամերիկյան հետախուզական ծառայությունները, հակառակ Իսրայելի իշխանությունների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների, եզրակացրել են, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով չորս աղբյուրների։
Իսրայելը հունիսի 13-ին ռազմական գործողություններ սկսեց Իրանի դեմ՝ այն պատրվակով, որ Թեհրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն։ CBS-ը երեքշաբթի օրը հաղորդել է, որ, ըստ Թրամփի, Իրանը «շատ մոտ է» միջուկային զենք ունենալուն։
«Իրանը ոչ միայն ակտիվորեն չի աշխատում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, այլև երեք տարի հեռու է այն արտադրելու և իր ընտրած թիրախին հասցնելու հնարավորությունից», - CNN-ը մեջբերում է աղբյուրների գնահատականը։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ամերիկյան հետախուզության աշխատակիցները կարծում են, որ մի քանի օրվա ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը կարողացել է ընդամենը մի քանի ամսով դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը։