ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են իրենց աջակցությունը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված միջոցառումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Պետքարտուղար Ռուբիոն հանդիպել է արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարը և տարածաշրջանում կայունություն ապահովելու հետագա քայլերը։ Պետքարտուղարը և արտգործնախարարը հաստատել են իրենց շարունակական աջակցությունը կայուն խաղաղության հասնելու ջանքերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Պետքարտուղարության՝ կողմերն արծարծել են նաև ռուս-ուկրաինական հակամարտության թեման։ Ռուբիոն հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին՝ «դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը՝ օգնելու վերջ դնել Ուկրաինայում շարունակվող հակամարտությանը»։



