ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձև...

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

ՆԳՆ–ից հայտնում են, որ նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։

Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունները։ Նա ընդգծել է ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները, ինչը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության նոր ուղղությունների հիմք է դարձել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի և ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված միջոցառումները։

Կողմերն անդրադարձել են նաև կիբեռլաբորատորիայի ստեղծման, Ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։