
Նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ կառավարության բյուջեն կորցրել է մոտ 500 մլրդ դոլար կոռուպցիայի եւ խարդախության պատճառով։ Իլոն Մասկը, որը վերահսկում է ամերիկյան կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE), այս մասին հայտնել է՝ հղում կատարելով ԱՄՆ Հաշվիչ պալատի տվյալներին։ «Բայդենի օրոք պետական բյուջեն կես տրլն դոլար է կորցրել վատնումների պատճառով։ Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել այս ցուցանիշը եւ ամեն ինչ անել հարկատուների գումարները խնայելու համար»,- ասել է Մասկը Fox Business հեռուստաընկերության հարցազրույցում։ Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո DOGE-ն սկսեց ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային ստուգումը: Մասկի խոսքով՝ ծառայությունն ակնկալում է 2 տրլն դոլարով կրճատել պետական ծախսերը։