ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն ու իրավապահ մարմինները ամերիկյան մի քանի նահանգներում մարտական պատրաստության են բերվել՝ դիմակայելու ծայրահեղական խմբավորումների կողմից հնարավոր բռնություններին, եթե նրանք դժգոհ լինեն նախագահական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հաղորդում է Axios-ը։
Լրատվական հարթակի գնահատմամբ, «սա կարևոր է, քանի որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող աջ խմբերը այնպիսի հարթակների օգտատերերին, ինչպիսին Telegram-ն է, կոչ են անում հետևել հարցումներին և վիճարկել Թրամփի համար անբարենպաստ արդյունքները, ինչը մտահոգություն է առաջացնում, որ ընտրատեղամասերում քաոս կլինի»։
Այսպես, բարձրացվում է քվեարկության վայրերի անվտանգության մակարդակը, երբեմն տեղադրվում են բետոնե արգելապատեր և լրացուցիչ փակոցներ։ Առանձին ընտրատեղամասերում, այդ թվում` յոթ տատանվող նահանգներում, որոնք կարող են որոշել ընտրությունների ելքը, տեղադրել են գնդականթափանց ապակիներ, տագնապի կոճակներ կամ տեսահսկման համակարգեր՝ անձնակազմին հնարավոր բռնությունից պաշտպանելու համար:
Axios-ն ընդգծում է, որ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվում Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում, որտեղ ավելի վաղ հարյուրավոր քվեաթերթիկներ են վնասվել կամ ոչնչացվել քվեատուփերի հրկիզման հետևանքով։
Կոլորադո և Կոնեկտիկուտ նահանգներում սահմանվել են կիբեռանվտանգության ապահովման խիստ միջոցներ, իսկ Այովայում իրականացնում է սպառնալիքների շուրջօրյա մոնիթորինգ: Արիզոնայի նահանգի պետքարտուղար Ադրիան Ֆոնտեսն անցած շաբաթ ասել է, որ զրահաբաճկոն է կրում իրեն քննադատողների կողմից սպառնալիքների պատճառով:
Վաշինգտոնում հատուկ փակոցներ են տեղադրվել Սպիտակ տան, Կապիտոլիումի և ռազմածովային աստղադիտարանի շուրջ, որտեղ ապրում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը։