ԱՄՆ 12 նահանգների գլխավոր դատախազները դատարան...

ԱՄՆ-ի 12 նահանգների գլխավոր դատախազները պատրաստվում են դատարանում վիճարկել ԱՄՆ քաղաքացիների գաղտնի տվյալների հասանելիության իրավունքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որը գլխավորում է Իլոն Մասկը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։

«Որպես աշխարհի ամենահարուստ մարդ՝ Իլոն Մասկը սովոր չէ, որ իրեն «ոչ» են ասում, բայց մեր երկրում ոչ ոք օրենքից վեր չէ։ Նախագահն իրավասու չէ մեր անձնական տեղեկությունները տալ իր ընտրած մեկին։ Նա չի կարող դադարեցնել դաշնային վճարումները, որոնք հաստատվել են Կոնգրեսի կողմից: Որպեսզի պաշտպանենք մեր սահմանադրությունը, գաղտնիության իրավունքը և այն ֆինանսավորումը, որին ապավինում են մարդիկ ողջ երկրում, մենք դատական ​​հայց կներկայացնենք՝ դադարեցնելու այս անարդարությունը», - ասվում է Ջեյմսի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա կայքում:

Ինչպես նշվում է, նրա հայցին կմիանան ամերիկյան 11 այլ նահանգների գլխավոր դատախազները։ Նրանք դեմ են «Իլոն Մասկին ամերիկացիների անձնական տվյալներին, բանկային հաշվի տվյալներին և գաղտնի համարվող այլ տեղեկություններին հասանելիություն տալուն»: