«Ամերիկյան ՀՕՊ համակարգերը «Օրեշնիկ»-ին խփելո...

«Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռը ժամանակակից զենք է, եւ այն  խփելու շանս ամերիկյան ՀՕՊ համակարգերը չունեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծում եւ մեծ մամուլի ասուլիսում։ Նա այսպես է մեկնաբանել արեւմտյան որոշ փորձագետների հավաստիացումներն այն մասին, թե դա հին, խորհրդային սպառազինությունների մոդիֆիկացիան է, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Պուտինի խոսքով՝ դա ժամանակակից եւ արդյունավետ համալիր է, որը կարող  հաղթահարել հակառակորդի ՀՕՊ-ը եւ ՀՀՊ-ն։ Եթե վերցնենք Ռումինիայում եւ Լեհաստանում տեղակայված ամերիկյան ՀՕՊ համակարգերը, ապա այդ հրթիռների որսման առավելագույն հեռավորոթյունը կազմում է 1 000 կիլոմետր, իսկ բարձրությունը՝ 500։ Մասնավորապես, խոսքը Լեհաստանում տեղակայված համակարգերի մասին է։ Սակայն «Օրեշնիկի» հեռավորությունն ավելին է։ Եվ եթե այն տեղակայվի որսման գոտուց 2 հազար կիլոմետր հեռու, ապա հակահրթիռները Լեհաստանում դրանց պարզապես չեն հասնի։

Նա նաեւ առաջարկել է փորձ կատարել. «Թող արեւմտյան փորձագետները որոշեն Կիեւում «Օրեշնիկի» խոցման օբյեկտը, կենտրոնացնեն այնտեղ ՀՕՊ եւ ՀՀՊ բոլոր ուժերը, իսկ մենք հարվածենք «Օրեշնիկով» եւ տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք այդ փորձին պատրաստ ենք։ Դա կլինի բարձրտեխնոլոգիական մենամարտ»։