
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը տիար Յակուբյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի կողմից կազմակերպվող բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամյա այցը Հայաստան, որի նպատակն է ի մոտո ծանոթանալ և Բրազիլիայի լայն հասարակությանը հաղորդ դարձնել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակույթին ժառանգությանը և երկրում տիրող իրավիճակին։
«Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակին նման նախաձեռնության համար՝ կարևորելով օտարերկրյա լրատվական հարթակներում Հայաստանի անվտանգային խնդիրների, Արցախի բռնազավթման, արցախահայերի արդար իրավունքների, Բաքվում պահվող գերիների և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման մասին ճշմարտության բարձրաձայնումն ու միաջզգային հանրության իրազեկումը։ Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն ու ազգապահպան առաքելությանը, Եկեղեցու կողմից արցախահայությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական փոխհարաբերություններին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ: