Ամենահին քրիստոնյա երկիրը հետապնդում է եպիսկո...

Ամենահին քրիստոնյա երկիրը հետապնդում է եպիսկոպոսներին և գործարարին՝ քրիստոնեությունը պաշտպանելու համար, գրում է Daily Caller-ը։

Սեռական ոտնձգությունների մեղադրանքը յուղ է լցրել ամենահին քրիստոնեական երկրում ծավալված լայնածավալ քաղաքական թշնամանքի կրակի վրա, որի մեջ ներքաշվել են վարչապետը, բարձրագույն հոգևորականությունը և նույնիսկ գործարարներ։

Հակամարտությունը սկսվել է մայիսին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին գաղտնի կերպով երեխա ունենալու մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին հերքել է մեղադրանքները, ինչը հունիսին հանգեցրել է հոգևորականների զանգվածային ձերբակալությունների և հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքների:

Ձերբակալվածների թվում է հայտնվել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սամվել Կարապետյանը, ով ավելի վաղ վարչապետին մեղադրել էր երկրի առաջատար կրոնական կառույցի բացահայտ հետապնդման մեջ։ «Մեր կրոնը շատ խաղաղասեր է և մենք չենք ուզում, որ XXI դարում մեր երկրի եպիսկոպոսներին բանտ նստեցնեն»,- լրատվական Daily Caller կայքին հայտարարել է նրա եղբորորդին և «Tashir Capital»-ի տնօրեն Նարեկ Կարապետյանը։ «Մեր համար սա կրոնի ազատության խնդիր է»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ քննադատել է անձանց «փոքր խումբը», որոնք «մոռացել են Հայաստանի և եկեղեցու հազարամյա պատմությունը»։ Շատերը դա ընկալել են որպես ծաղրանք Հայաստանի վարչապետի և եկեղեցու նկատմամբ նրա բռնաճնշումների հանդեպ, հայտնում է Associated Press-ը։ Տեսանյութը հրապարակվել է Փաշինյանի կոչից մի քանի օր հետո, երբ նա կոչ էր արել Գարեգին Երկրորդին հրաժարական տալ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի պաշտոնից։

Միլիարդատերը հայտարարել է. «Ես միշտ աջակցել եմ Հայ եկեղեցուն և հայ ժողովրդին»։ «Եթե քաղաքական գործիչները հաջողության չհասնեն, մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ այս արշավին»։ Այն նույն օրը, երբ Կարապետյանը հրապարակել է այս հայտարարությունը՝ նրան ձերբակալել են, իսկ նրա տունը խուզարկել, հայտնում է AP-ն։ Վարչապետը նաև խոստացել է ազգայնացնել Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Կարապետյանի կարողությունը գնահատվում է 4,4 միլիարդ դոլար, որը ձևավորվել է ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի հաշվին, որը նաև մատակարարում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից մոտ մեկ ամիս անց՝ օգոստոսին, Հայաստանի քրեական վերաքննիչ դատարանի դատավորը որոշել է, որ նրա ձերբակալությունն անօրինական է։ Սակայն կառավարությունը խոստացել է բողոքարկել այդ որոշումը։

«Մենք ավտորիտար երկիր չենք և մեր վարչապետի այսպիսի ոչ ժողովրդավարական քայլը շոկային էր», - հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Նա հավելել է, որ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության անբաժանելի մասը։

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի կողմից հուլիս ամսին անցկացված հարցման համաձայն, հարցվածների 58 տոկոսը նշել է, որ գոհ է եկեղեցու գործունեությունից։

Եկեղեցու և կառավարության միջև լարվածությունը սրվել է 2018 թվականին՝ վարչապետի իշխանության գալուց հետո և զգալիորեն ավելի է սրվել 2020 թվականից հետո։ Փաշինյանը վարչապետ է ընտրվել 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Փաշինյանի իշխանության գալուց կարճ ժամանակ անց սկսել են կոչեր հնչել նաև Գարեգին II-ի հրաժարականի վերաբերյալ։

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ով ձերբակալվել էր խռովության հրահրման մեղադրանքով, գլխավորել է իշխանության դեմ բողոքի ցույցերը։ «Սրբազան պայքար» անվանումով բողոքի ցույցերը Գալստանյանը պաշտոնապես որակել է որպես ոչ քաղաքական, սակայն հանրահավաքները հաճախ պահանջել են վարչապետի հրաժարականը և ծառայել որպես կառավարությանը ընդդիմանալու կիզակետ։ Շարժումը ստացել է Գարեգին Բ-ի օրհնությունը։

«Հայերի համար քրիստոնեությունը պարզապես կրոն չէ, այն մեր մշակույթն է, այն մեր ամեն ինչն է», - ասել է Նարեկ Կարապետյանը։