Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջը կապված է այսօրվա վիճակի, պատերազմի վատ արդյունքի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղապետ Կարեն Ղազարյանը, որը նույնպես միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր և հույս ունեն, որ կարող են վերջապես «փրկել իրենց կաշիները»։
«Այո, իմ մասով կա հարուցված քրեական գործ, բայց նախ թող իմանա՝ ինչ քրեական գործի մասին է խոսքը ու գետինը մտնի։ Առիթ ունենաք, մարզպետին հարցրեք, թե քանի քրեական գործ կա իր վրա։ Այդ քրեական գործն իրականում ինձ հետ այդքան էլ առնչություն չունի, այն վերաբերում է 2008 թվականին եղած նախկին գյուղապետի գործունեությանը, իսկ ես գյուղապետ նշանակվել եմ 2012 թվականին։ Նշվում է, թե ես իրավահաջորդ եմ հանդիսանում։ Եթե այդպես լինի, այսօրվա իրավահաջորդները պետք է ցմահ դատապարտվեն»,- արձագանքեց գյուղապետը։
Մարզպետի այն խոսքին, թե այդ համայնքապետերը պատերազմի օրերին կամավորական ջոկատներ չեն կազմել՝ Կարեն Ղազարյանն ասաց. «Կարող եք դիմել մարզպետարան, Զինկոմիսարիատ. ամենաակտիվ զորահավաքը կազմակերպած համայնքներից մեկն է մեր համայնքը»։
Նա նշեց, որ այս պատերազմի հետեւանքով իրենց գյուղն ունեցավ 3 զոհ. «Գյուղում 7 ընտանիք էլ անելանելի վիճակում են, ոչ դիակն ունեն, ոչ ճար, ոչ էլ պատասխան»։



