Վերջին 30 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ավելի քան 70 միլիոն դոլարի արտոնություն է տվել ՀՀԿ-ական հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։
Այս նույն օրերին իշխանությունները համառորեն հայտարարում են, թե թոշակների իրական բարձրացման համար միջոցներ չկան։ Սամվել Ալեքսանյանին տրված ավելի քան 70 մլն դոլարի արտոնությունը այլ բանի մասին է վկայում։ Այդ գումարը լիովին բավարար կլիներ, որպեսզի յուրաքանչյուր թոշակառու մեկ տարվա ընթացքում ստանար շուրջ 62 հազար դրամ աջակցություն, կամ թոշակը ամսական բարձրանար ավելի քան 5000 դրամով։
Այսինքն՝ հարցը փողի բացակայությունը չէ։ Հարցը քաղաքական առաջնահերթությունների մեջ է։ Իշխանությունը փաստացի ընտրում է ոչ թե սոցիալական արդարությունը, այլ քաղաքական շահավետ հաշվարկը։ Ալեքսանյանը մի քանի հազար աշխատակից ունի, խոշոր բիզնես է ղեկավարում և ընտրությունների ժամանակ կարող է ապահովել այն, ինչ թոշակառուն չի կարող՝ կազմակերպված, վերահսկելի ձայներ։ Թոշակառուներն, ի տարբերություն խոշոր գործարարի, իշխանության համար ոչ թե ռեսուրս են, այլ խնդիր։
Հենց այստեղ է, որ գործի է դրվում հին, բայց դեռ աշխատող մեխանիզմը․թոշակառուներին շարունակելու են մոլորեցնել «նախկինների թալանի», «դեռ գալիք ապագայի» և անվերջ արդարացումների միջոցով։ Քաղաքացին, որը դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, պետք է հավատա, որ հիմա փող չկա, բայց վաղը կլինի։ Իսկ գործարարը՝ հիմա է ստանում։
Սա արդեն ոչ թե տնտեսական քաղաքականություն է, այլ սոցիալական ընտրություն՝ հօգուտ ուժեղի և հաշվարկվածի, ի հաշիվ թույլի և անպաշտպանի։ Եվ որքան էլ փորձեն դա փաթեթավորել ներդրումային կամ զարգացման լեզվով, իրականությունն անփոփոխ է․իշխանության համար ձայներ ունեցող օլիգարխները, ոչ թե խնդիրների առաջ շվարած թոշակառուն։
Եվ այս իրականության մեջ թոշակառուներին մնում է միայն սպասել այն ապագային, որը, ինչպես միշտ, պետք է գա… բայց դեռ չի գալիս։



