Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգ...

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման 3-րդ տարելիցի կապակցությամբ։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ այս պատերազմը ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական անվտանգության մասին է։ Եվրոպան նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։

«Մարտի 6-ին Եվրոպական խորհուրդը կքննարկի հատուկ ներկայացուցչի նշանակման հնարավորությունը, որը կներկայացնի ոչ միայն ԵՄ-ն, այլև բոլոր եվրոպական երկրները խաղաղ բանակցություններում»,- նշել է նա։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝  ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից։

«Քանի դեռ երկարաժամկետ խաղաղության մասին համաձայնագիր չկա, վաղ է խոսել պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս խոսակցությունները կարող են լինել միայն այն բանից հետո, երբ մենք ռուսական կողմից որոշակի կոնկրետ քայլեր տեսնենք։

Պատժամիջոցները հսկայական ազդեցություն ունեցան Ռուսաստանի տնտեսության վրա, գնաճը զգալիորեն ավելացավ։ Սա ուժի միջոցով խաղաղության հասնելու մեր նախաձեռնության մի մասն է»,- ասել է նա: