«Հայաստանն ու Ադրբեջանը, ցավոք, պատերազմի միջոցով, սակայն ի վերջո եկան խնդրի ճիշտ լուծմանը։ Հայաստանը օկուպացրել էր հինգ-վեց ադրբեջանական շրջան (իրենք են խոստովանել)»․այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն:
Նա հիշեցրել է, որ ժամանակին ինքն իր կամքից անկախ միջնորդի դեր է կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել տարածքային վեճը: Ըստ Բելառուսի ղեկավարի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի տարի ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ է արել, այլև հայկական կողմին նաև ֆինանսական աջակցություն է առաջարկել:
«Ես ակամա միջնորդ էի. Բաքվից գնում էի Երևան և ազդանշանները փոխանցում, ընդհուպ մինչև միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Ադրբեջանը հարուստ երկիր է, շատ առաջարկներ կային այդ հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար: Այնուհանդերձ, նախորդ տարիներին Հայաստանի ղեկավարությունը չէր համաձայնում խաղաղ կարգավորմանը, և խնդրահարույց հարցերը կուտակվում էին։ Այդ ամենը կուտակվեց և ջարդվեց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի, նրա կառավարության վրա։ Ընդհանրապես, նա քիչ մեղք ունի կատարվածի համար։ Բայց այս խնդիրը պետք է լուծվեր»,- ասել է Լուկաշենկոն։