Ալիևի իշխանությունը կրոնական ճգնաժամի առաջ․ մ...

 Ադրբեջանում հիջաբի սահմանափակումների դեմ բողոքի ակցիաները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների ուշադրության կենտրոնում։ Փորձագետները տեղի ունեցողը դիտարկում են ոչ միայն կրոնական ազատությունների, այլև Ալիևի իշխանության կայունության, Իրանի ազդեցության և Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։

Ամերիկացի փորձագետը՝ Ալիևի իշխանության համար հնարավոր վտանգների մասին Սեպտեմբերի 29-ին ամերիկյան Turan Research Center («Թուրան հետազոտական կենտրոն») վերլուծական կենտրոնը հրապարակել է Ջոզեֆ Էփշտեյնի (Joseph Epstein) հետազոտությունը, որում նշվում է, որ հիջաբի սահմանափակումները կարող են ավելի խորքային քաղաքական հետևանքներ ունենալ։ Փորձագետի գնահատմամբ՝ Բաքուն փորձում է սահմանափակել Իրանի ազդեցությունը երկրի շիա բնակչության շրջանում, սակայն միաժամանակ դժգոհություն է առաջացնում նաև դաշնակից Թուրքիայի կրոնական-պահպանողական շրջանակներում։ Էփշտեյնը զգուշացնում է, որ կրոնական դրսևորումները վարչական կոշտ միջոցներով վերահսկելու փորձերը կարող են հակառակ արդյունքն ունենալ՝ խորացնելով հասարակական դժգոհությունը և ուժեղացնելով այն շրջանակներին, որոնց ազդեցությունը իշխանությունները փորձում են նվազեցնել։

«Ալ Ջազիրա»․ հակասություններ նաև Թուրքիայի հետ Հոկտեմբերի 12-ին Al Jazeera («Ալ Ջազիրա») հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի ներքին լարվածությանը՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայում ծավալվող դժգոհության վրա։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ անցկացվել են բողոքի ակցիաներ՝ հիջաբի սահմանափակումները վերացնելու պահանջով։ Ալիևն իր հերթին հայտարարել է Ադրբեջանի ներքին կյանքին արտաքին միջամտության անթույլատրելիության մասին։ «Ալ Ջազիրան» այդ հայտարարությունը դիտարկել է որպես Թուրքիայի հասցեին անուղղակի քննադատություն։ Այսպիսով, հիջաբի շուրջ հակասությունը դուրս է եկել Ադրբեջանի սահմաններից՝ տարաձայնություններ առաջացնելով նաև ռազմավարական դաշնակից Թուրքիայի հասարակական շրջանակներում։

ԱՄՆ-ում պահանջում են ճնշում գործադրել Բաքվի վրա Հոկտեմբերի 12-ին Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը՝ Council on American-Islamic Relations (CAIR, «Քեյր»), կոչ է արել ԱՄՆ Պետդեպարտամենտին միջամտել և Ադրբեջանի իշխանություններից պահանջել չեղարկել սահմանափակումները։ Կազմակերպության գնահատմամբ՝ հիջաբի պատճառով աշակերտներին և ուսուցիչներին կրթական հաստատություններ չթույլատրելը կրոնական ազատությունների խախտում է։ Սակայն սա իրավապաշտպան կազմակերպության դիրքորոշումն է, ոչ թե Վաշինգտոնի պաշտոնական քաղաքականությունը։ Ի՞նչ է սպասվում Ալիևի իշխանությանը Միջազգային վերլուծություններից հետևում է, որ հիջաբի շուրջ ճգնաժամը կարող է ներքաղաքական ավելի լայն հետևանքներ ունենալ։

Մի կողմից՝ ոստիկանության միջամտությունն ու ձերբակալությունները կարող են խորացնել հասարակության կրոնական հատվածի դժգոհությունը, մյուս կողմից՝ իրավիճակը հնարավորություն է ստեղծում արտաքին ուժերի համար՝ մեծացնելու ազդեցությունը Ադրբեջանի ներսում։ Այսպիսով, դպրոցական համազգեստի շուրջ սկսված վեճն աստիճանաբար վերածվում է քաղաքական խնդրի, որը կարող է մարտահրավեր դառնալ Ալիևի իշխանության համար։

Թեև միջազգային փորձագետները դեռևս չեն խոսում Ադրբեջանում մոտալուտ իշխանափոխության մասին, նրանց գնահատականներից հետևում է, որ կրոնական դժգոհության հետագա քաղաքականացումը կարող է լուրջ դժվարություններ ստեղծել երկրի ղեկավարության համար։