Ալիևի արյnւնալի ռեժիմի հրավերն ընդունելով՝ գա...

Այսօր օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը (հուլիսի 3–4)՝ ընդունելով վերջինիս անդամ երկրների ղեկավարներին։ Կազմակերպության ներկայիս անդամներն են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Իրանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը և Ուզբեկստանը։ Գագաթնաժողովի նպատակը անդամ երկրների միջև տնտեսական կապերի և տարածաշրջանային զարգացման, առևտրատնտեսական կապերի ամրապնդման ռազմավարական հարցերի քննարկումն է։

Հուլիսի 4-ին գագաթնաժողովին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյուն այս առիթով հայտարարել է, «Ստեփանակերտը» (իր խոսքում օգտագործել է քաղաքի յուրացված անունը՝ Խանքենդի) դառնում է միջազգային դիվանագիտական հարթակ»։ Ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը՝ դեսպանը նշել է, որ անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ է մեկնել նաև Պակիստանի վարչապետը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը օկուպացված Արցախում անցկացվող գագաթնաժողովի ու դրա մասնակիցների վերաբերյալ հայտարարություն է տարածել. «Հարկ է ընդգծել, որ դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմում հիմք դրված Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան աշխարհաքաղաքական դաշինքի բարձր մակարդակով մասնակցությունը գագաթնաժողովին ենթադրում է, որ Ադրբեջանի ռասայական ատելության քաղաքականությունը և հակահայկական ռազմավարական պլանները չեն պատկանում միայն Բաքվի օրակարգին, այլ ունեն հստակ մշակված բազմակողմ ռազմավարություն՝ դրսևորվելով թե՛ հռետորաբանության, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական դաշտում։ Փաստորեն, Ադրբեջանը փորձում է ոչ միայն պահպանել 2020–2023 թվականների պատերազմի և էթնիկ զտումների արդյունքները, այլև ամրապնդել դրանք ուժային և տնտեսական լուծումների միջոցով, որը բացահայտ հակադրում է խաղաղ գործընթացի վերաբերյալ միջազգային կոչերին։

Ընդգծենք, որ գագաթնաժողովի անցկացման վայրի ընտրությունը հատուկ է ընտրված, քանզի Ադրբեջանը՝ սքողելով 2020–2023 թվականներին հենց Ստեփանակերտում և Արցախի այլ շրջաններում իրականացված պատերազմական հանցանքները և ցեղասպանական գործողությունները, քաղաքը դարձնում է ադրբեջանական նոր ռազմավարությունների մշակման վայր՝ պահելով այն միջազգային «գործընկերների» ուշադրության կենտրոնում։

Գագաթնաժողովի մասնակիցները մի քաղաքում են, որը 2020 թվականի պատերազմի առաջին օրվանից եղել է Ադրբեջանի պատերազմական գործողությունների թիրախում, իսկ պատերազմից հետո դարձել տարածքի ադրբեջանականացման և իսլամացման կենտրոնական օղակներից մեկը։

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն իրականացնում են Ստեփանակերտի հայկական ինքնության խեղաթյուրման քաղաքականություն՝ այն ներկայացնելով որպես «ադրբեջանական» քաղաք։ Այս գործընթացը դրսևորվում է թե՛ անունների փոփոխմամբ, թե՛ մշակութային ժառանգության ոչնչացմամբ, և թե՛ քաղաքաշինական ծավալուն վերափոխումներով։

2024 թվականին Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը վերանվանեց «Խանքենդիի Հաղթանակի հրապարակ», իսկ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը «զարդարեց» հայկական արծվագորգի նախշերով։ Միևնույն ժամանակ, նախորդ տարվա ընթացքում հիմնահատակ ավերվեց Ստեփանակերտի պատմական հայկական թաղամասը։ Բացի այդ, ավերվեց բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունը՝ ամբողջ ունեցվածքով՝ խաթարելով հայ ժողովրդի վերադարձի և սեփականության անձեռնմելիության իրավունքը։

Ակնհայտ է, որ ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի այլ բնակավայրերի «ադրբեջանականացումը» համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների հակահայ քաղաքական ռազմավարությանը։

Ստեփանակերտում ոչնչացվել է Շառլ Ազնավուրի հուշարձանը, Վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի արձանները։ Ավերվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Յուրի Պողոսյանի կիսանդրին, պղծվել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, իսկ քաղաքի խորհրդանիշ դարձած խաչը գետնին տապալվել։

Փաստորեն, արյունալի ռեժիմի հրավերն ընդունելով՝ գագաթնաժողովի մասնակիցները համաձայն են այդ քաղաքականության հետ՝ դառնալով մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ջատագովը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը ադրբեջանականացնելու, իսլամացնելու և այն Ադրբեջանի ռազմավարական նոր կենտրոնի վերածելու ջանքերը։

Մենք պահանջում ենք միջազգային իրավական երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների իրավունքների ամբողջական վերականգնման համար։ Միաժամանակ, հստակ կոչ ենք անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Ստեփանակերտի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությանը՝ դիտարկելով այն որպես միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների խախտում, որը լրջորեն խաթարում է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը»։