Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ օգոստոսի 15–ին որոշում է կայացրել բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ալեքսանդր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղեծը) հատկանիշներով։

Նշենք, որ նույն մեղադրանքն է առաջադրվել նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանին և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանին։

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև՝ վերոհիշյալ առերևույթ չարաշահումներին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենի առնչություն ունենալու վերաբերյալ:

Որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը: