Ալեքսանդր Սիրունյանը քննադատություններից հետո...

«Ալեքսանդր Սիրունյանը հանդես է եկել հայտարարությամբ և հայտարարել է, որ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ՔԿՀ եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը էս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նշենք, որ Սիրունյանն էլ հարցազրույց է տվել և խոսել ՔՊ իմիջը չվնասելու մասին։

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկման և քննադատությունների թեման ոչ միայն կասկածելի կերպով ձեռք բերած հողակտորն էր, մասնավորապես՝ իրական արժեքից բազմակի անգամ փոքր գրված արժեքը, այլ նաև Սիրունյանի բառապաշարը։ Ֆեյսբուքյան էջում նա հայհոյանքներով գրառումներ է անում, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, մի շարք ՀԿ-ների, հարիր չէ ոչ միայն այն պաշտոնին, որին նա ձգտում է, այլև ընդհանրապես հարիր չէ մարդուն։

Սիրունյանի մասին բացասական եզրակացություն էր տվել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ չնայած այս ամենին, նրան առաջադրել էր ՔՊ խմբակցությունը, և, ամենայն հավանականությամբ, բազմաթիվ քննադատություններից հետո, հենց ՔՊ-ն էլ հորդորել է հետ կանչել թեկնածությունը։

Նշենք, որ Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ փակ-գաղտնի քվեարկությունը պետք է տեղի ունենար այսօր՝ հունվարի 22-ին։