Ալեն Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիս...

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացմանը՝ առաջարկելով դիտարկել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափը:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցելու համար:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է Ղազախստանի խորհրդարանի շենքում: