Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ագրեսիվ են պահում. իշխանությունը շահագրգռված չի որևիցե պարագայում նման տեսարաններով, որովհետև միշտ պատասխանատվությունը և հարցադրումները իշխանությանն են ուղղված լինում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Երբ նրան հարցրեցին առանձին դրվագների մասին, երբ ՔՊ–ականները շիշ են նետում կամ աթոռով հարվածում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հպանցիկ է տեսել միջադեպը, չի կարող մեկնաբանել։
Դիտարկմանը, որ պատգամավորներն իրար էին քաշքշում, իսկ ԱԺ նախագահը ժամանակին անվտանգության աշխատակիցներին ներս չհրավիրեց՝ թողնելով, որ պատգամավորներն իրենք ինքնակազմակերպվեն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարոն Ռուբինյանը Ազգային ժողովի նախագահն է, նա իրավիճակը պետք է գնահատի ներսից, դրսից գնահատականներ տալը կարծեմ իմ կողմից կոռեկտ չի լինի»։
Նա հերքեց պնդումը, թե քաղաքական լարվածություն կա երկրում. «Այսինքն քաղաքական լարվածությունը նրա մասին է, որ բոլոր համայնքներում ընդդիմությունը չի կարողանում թեկնածու առաջադրել»։
Պնդմանը, որ բոլորին ձերբակալում են, դրա համար էլ չեն առաջադրվում, ԱԽ քարտուղարն ասաց. «Դա ե՞րբ է որևիցե մեկին կանխել թեկնածություն դնելուց, կամ լավ բոլորին ձեռբակալում են ըստ ձեզ, բա ինչի՞ են 90% նոց տվյալներ գրանցվել։ Այո, դա խնդրահարույց է այն առումով, որ ընդդիմություն չունենք, և վարչապետը դրա մասին խոսել է։
Դա չի նշանակում, որ նույն բարքերը, դա նշանակում է, որ այն որ մենք անընդհատ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդիմություն գոյություն չունի, փաստ է, որովհետև երկու ընդիմադիր խմբակցությունները կոնկրետ մարդկանց շահի համար են հայտնվել ԱԺ–ում։ Մեկը Սամվել Կարապետյանի շահի համար է ստեղծվել և հայտնվել, դա գաղտնիք չէ, մյուսը Ռոբերտ Քոչարյանի համար։ Ինքը բարձրաձայն ասել է, ասել է՝ դուք ինձ ստիպեցիք, որ ես մտնեմ քաղաքականություն»։
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ բոլոր կառույցները ֆիքսում են, որ ընտրությունները անկախ են, արդար են և արտացոլում են մարդկանց քվեարկությունը, մնացած բոլոր խոսակցությունները այս պարագայում ուղղակի անիմաստ են. «Քանի դեռ կա արդար ընտրություն, ընդդիմությունը չի բողոքարկում դրանք, դրանց դեմ չի խոսում... Սամվել Կարապետյանի ուժն ասում էր, որ իրենք մասնակցելու են բոլոր ընտրություններին, 90 տեղից մի տեղում մասնակցեցին, բա ինչի՞։
Ի՞նչ ճնումների մասին է խոսքը, էն որ գողցողներին տանում են բանտ են նստացնում և այն միլիոնավոր, միլիարդավոր սեփականությունը, որը վերադարձվում է ոչ թե Ալենին, ոչ թե ինչ-որ մեկին, այլ պետության, դա՞ է ճնշումը, լո՞ւրջ եք ասում։
Մենք ապահովում ենք մարդկանց համար ազատ ընտրության իրավունք և Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է գնալ ընտրել իր ընդդիմությանը, իր որոշմամբ։
Ես ասում եմ՝ մի նեղվեք այն տեսարաններից, որը դուք տեսնում եք Ազգային ժողովում, դա այն Ազգային ժողովն է, որը արտացոլում է մեր հասարակության ցանկությունը»։ Հարցին՝ ինքն ուզում է Երևանի քաղաքապե՞տ դառնալ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես որևիցե նման քննարկում չեմ ունեցել։ Դրա մասին խոսելը նախ շուտ է, երկրորդը, կարծում եմ, այսօր այդ թեման կարևոր չի»։



