Ալեն Սիմոնյանն ընդունել է մի խումբ մանկավարժն...

Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց միամսյակի շրջանակում մարտի 10-ին ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների և նախակրթարանների մանկավարժներին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Շնորհավորելով տոնը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության և հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։

Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր գիտելիքի մրցակիցն է, սակայն իրենց պարտքն է հասկանալ նոր սերնդին և դպրոցից կյանք ճանապարհել կիրթ, պատասխանատու և ժամանակակից քաղաքացիներ։

Ընդունելությանը մանկավարժները մի շարք մասնագիտական և համակարգային հարցեր են բարձրաձայնել, որոնց շուրջ Ալեն Սիմոնյանի հանձնարարությամբ հետագայում համապատասխան մասնագիտական քննարկումներ կարվեն։