Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի Հանրապետութ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը եւ Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի հեռանկարները:

Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը` առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ հետագա գործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լիտվայի նախագահը նշել է, որ հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են եւ հույս է հայտնել, որ շուտով տարածաշրջանում տեւական խաղաղություն կհաստատվի:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ջերմ ողջույններ է փոխանցել Սեյմասի նախագահ Չմիլիտե-Նիլսենին: