Ալեն Սիմոնյանն առաջարկում է ի՞ր «ձեռքը խնդրել...

Մենք արդեն գրել էինք, որ Արևմուտքը պաշտպանության նախկին նախարար, բանտում գտնվող Դավիթ Տոնոյանի բերանով խոսեց ապագա հավանական արտահերթ ընտրությունների բնույթի մասին։ Ինչպես Տոնոյանն է պնդում, այն պետք է լինի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության գործընթաց։

Արևմուտքը ակտիվորեն պատրաստվում է հնարավոր ընտրություններին և հենց այս համտեքստում էին շաբաթներ առաջ Բրյուսելում հավաքել իրենց տակ աշխատող ազդեցության բոլոր գործակալներին, խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է։ Այդ հավաքն, ըստ էության, հավանական ընտրություններից առաջ նոր թիմերի ձևավորման համար է արվել։

Բրյուսելյան այդ հանդիպումից հետո Հայաստանում իրենց գործունեությանը նոր թափ հաղորդեցին ԵՄ դեսպանները։ Նախորդ շաբաթ դեսպաններն առանձին հանդիպումներ ունեցան Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանի և Ալեն Սիմոնյանի հետ։ Դեսպաններն ըստ էության «հարսնատես» են և փորձում են հասկանալ, թե ում են «հարս տանելու» Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության դեպքում։

Հանդիպումներին առնչվող մամուլի հաղորդագրություններից միայն ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնող Ալեն Սիմոնյանինն է, որ ցույց է տալիս, թե կուլիսներում ինչ հարցեր են քննարկվել։ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը  «խնամիներին առաջարկում է իր ձեռքը խնդրել»։

Հանդիպման ընթացքում Սիմոնյանն ասել է․«Ցանկանում եմ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները»։ Սիմոնյանն ըստ ամենայնի ակնարկում է, որ «եթե ուզում եք վեկտոր փոխել, ապա իմ ընտրողների մեծ մասը պատրաստ են»։

Մնում է հասկանալ, արդյո՞ք ԵՄ դեսպանները հետաքրքրվել են, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակով ԱԺ անցած Ալեն Սիմոնյանի ընտևրողներն ովքեր են ու ինչպե՞ս է նա չափել նրանց ձգտումները։ Դե որպեսզի հարս տանելուց հետո հետ չբերեն՝ խայտառակություն կլինի։ Ադաթն է այդպես։